Հունիսի 28-30-ը Բուլղարիայի Օբզոր քաղաքում անցկացվել է «Obzor's Hope» փառատոնը, որին մասնակցել են տարբեր երկրների մոտավորապես երեք հարյուր պարային եւ վոկալ-խմբեր: Փառատոնում Հայաստանը ներկայացրել է երգչուհի, երգահան, միջազգային մրցույթների դափնեկիր ԼԻԼԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, ով ոչ միայն հիացրել է փառատոնի ժյուրիի անդամներին եւ օտար հանդիսատեսին, այլեւ հայրենիք է վերադարձել դիպլոմներով ու մեդալներով.«Արդեն 2 տարի է համագործակցում եմ Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանի հետ`ով ներկայացնում է ինձ միջազգային մրցույթներում: Սկզբում մասնակցում եմ նախնական փուլի լսումներից, որից հետո ստանում եմ հրավեր,այս անգամ հրավիրեցին Բուլղարիայից: «Obzor's Hope» փառատոնի երկու օրերի ընթացքում ներկայացրեցի հայկական եւ բուլղարական երկու երգ, «Լույս երեւաց» (խոսք`Լ. Համբարձումյանի, երաժշտություն` Արթուր Հակոբյանի), «Ծիծեռնակը» (հեղինակ`Դոդոխայն) եւ «Spente le stelle» երգերը»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Լիլիթ Համբարձումյանը: Նրա խոսքով` կատարումները ջերմ է ընդունել նաեւ օտար հանդիսատեսը, ինչն ավելի է ոգեւորել հայ երգչուհուն.«Փառատոնի կազմակերպիչների կողմից կրկին հրավեր ստացա, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով դեռ հստակ որոշում չեմ կայացրել»,-ընդգծեց երգչուհին:
р.с.
Сестра.