Статья нашего форумчанина Сергея Гараяна в агенстве Арцахньюс.ам
http://artsakhnews.am/?p=247
Սփյուռք – Արցախ հարաբերությունների վերանայում
Խոսելով Հայրենիքի մասին մենք որպես կանոն առաջինը պատկերացնում ենք Մայր Հայաստանը և Արցախը …Զրույցի ընթացքում հիշում ենք Ջավախքի, Արևմտյան Հայաստանի, Գանձակի և այլ հողերի մասին… Բայց երբեք չենք պատկերացնում, որ մեր հայրենիքն ունի տասնյակ կտորներ աշխարհի տարբեր երկրներում՝ հայկական գաղութների տեսքով: Հետևաբար, եթե Սփյուռքում ապրող հայերը կարոտում են իրենց հեռավոր Հայրենիքը և հետաքրքրվում ու մտահոգվում են կատարվող իրադարձություններով, ապա մենք պետք է կարոտենք և հետաքրքրվենք մեզնից հեռու գտնվող մեր Հայրենիքի բեկորներով՝ Սփյոռքի բոլոր հայկական գաղութներով:
Սփյուռք ասելով մենք սովորաբար մտածում ենք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Լիբանանի, Իրանի և այլ հայկական համայնքների մասին, սակայն շատ քիչ բան գիտենք լատինաամերիկյան երկրներում գտնվող հայկական համայնքների մասին և առավել ևս քիչ շփվում ու կապեր ենք պահում:
Ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ մի հրաշալի անձնավորության հետ… Սարգիս Կարամեկյանը բնակվում է Սան-Պաուլո /Բրազիլիա/ քաղաքում և ռադիոյով լուսաբանում է Բրազիլիայում և այլ երկրներում բնակվող հայերի առօրյայի, խնդիրների և ծրագրերի մասին: Պրն. Կարամեկյանի վարած հաղորդումներն ունկնդրում են տասնյակ երկրներում գտնվող հայեր:
Հեռավոր հայկական գաղութների հետ կապ ստեղծելու նպատակով կհամագործակցենք Սարգիս Կարամեկյանի հետ՝ Բրազիլիայի և այլ լատինաամերիկյան երկրների հայկական գաղութների կյանքից նորություններ իմանալու և Արցախից նորություններ փոխանցելու նպատակով:
Նաև շատ ուրախալի էր, երբ իմացա Բրազիլիայի հայկական համայնքի «Հայ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբի մասին, որը հիմնվել է 1985 թ. մարտի 15-ին հայ երիտասարդների կողմից ՝ սպորտի միջոցով հայությունը միավորելու և առողջ ապրելակերպի գաղափարներ տարածելու նպատակով: «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ակումբի անդամները շատ ակտիվ մասնակցում են տեղի ունեցող սպորտային միջոցառումներին և հպարտ ու բարձր են պահում հայի պատիվը և ակումբի անունը: Ակումբի և Բրազիլիայի հայկական համայնքի մասին ավելի շատ տեղեկություններ իմանալու համար կարող եք ունկնդրել հայկական ռադիոյի ժամերը ինտերնետում, ամեն կիրակի ժամը 20.30-ին և երկուշաբթի 3.30-ին:
Այսուհետ կփորցենք լուսաբանել և «Հայ ֆիդայիներ» ակումբի և Բրազիլիայի /նաև այլ լատինաամերիկյան հայկական գաղութների/ կյանքի և գործունեության մասին: «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ակումբն այժմ մասնակցում է 1Ա դիվիզիոնի խաղերին և կանգնած է մեծ համբավ ունեցով ակումբների շարքում, ինչը մեծ հպարտություն է բոլոր հայերի համար:
Կարծում եմ և համոզված եմ, որ Արցախի և Սփյուռքի հարաբերություններին նոր որակ պետք է տրվի: Չտեսնել և չխոսել գրեթե սպառված հարաբերությունների մասին , որոնք հիմնված էին Սփյուռքի բարերարության և շատ պարագաներում Սփյուռքի նկատմամբ մեր անպատասխանատվության վրա, կնշանակի անտեսել Սփյուռքի շահերը: Այո, խոսքս հենց Սփյուռքի ՝մեր միակ իրական ընկերոջ և դաշնակցի շահերի և խնդիրների մասին է… Այսուհետ մենք պետք է պատասխանատվություն վերցնենք Սփյուռքիում ապրող հայերի համար, այն հայերի, որոնք նայում են Հայրենիքին…
Սիրիայում կատարվող իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք պետք է կտրուկ քայլերի դիմենք, քանի որ Հայրենիքը պետք է լինի այնքան հզոր, որ կարողանա ֆորսմաժորային իրավիճակներում ընդունել մեր հայրենակիցներին, ինչքան էլ նրանց թիվը մեծ լինի:
Սփյուռքում կատարվող իրադարձությունների մասին իմանալը, բոլոր գաղութների խնդիրների մասին տեղյակ լինելը և հայերի վերադարձը հայրենիք ապահովելու ունակ տնտեսության ստեղծումն այլևս օրախնդիր է: Սարսափելի չափերի հասնող արտագաղթը և Սիրիայի դեպքերը ցույց են տալիս, որ մենք, չնայած պետականաշինության ասպարեզի հաջողություններին, չկարողացանք ստեղծել հզոր տնտեսություն…
Սփռուրք-Արցախ հարաբերությունների նոր փուլի արդյունքը պետք է լինի հենց այդ խնդրի լուծումը, որի կենտրոնում կլինի հայրենադարձության և Սփյուռքի համայնքների զարգացման հետ կապված խնդիրները:
Սերգեյ Ղարայան