Ցուցարարները կոտրել են Կահիրեի հայկական վարժարանի ապակիները
Գլխավոր | Հասարակություն || 21:51 / 06.02.2011Եգիպտոսում տեղի ունեցող ցույցերից և անկարգություններից տուժել են նաև հայերը: Ինչպես արդեն հայտնել էր HayNews.am-ը, խժդժությունների ժամանակ այրվել և թալանվել էին Կահիրեում գտնվող և հայերին պատկանող երեք խանութներ: Այժմ արդեն հայտնի է դարձել, որ ցուցարարների նետած քարերից կոտրվել են նաև հայկական Գալստյան Ազգային Վարժարանի ապակիները: Վարժարանի շենքն այլ վնասներ չի կրել: Եթե մինչ այդ շենքի անվտանգությունը հանձնված էր պահակին, ապա հիմա այնտեղ հերթապահում են Պուլաք թաղամասի բնակիչները: Ի դեպ, այն գտնվում է ցույցերի կենտրոն հանդիսացած Թահրիր հրապարակից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա: Նկատենք, որ «Արմավենին» փոխանցում է, թե դպրոցի աշակերտներին երկու շաբաթով արձակուրդ են ուղարկել, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն դասերը:
Հավելենք,որ հայկական համայնքի հրավերով այս օրերին Կահիրեում պետք է համերգով հանդես գար սփյուռքահայ հայտնի երգիչ Ադիս Հարմանդյանը, սակայն վերջին իրադարձությունները ստիպեցին նրան հրաժարվել այդ միջոցառումից:
HayNews.am