ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՐՈՀԻ
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում քիչ առաջ անդրադարձավ վերջին ձերբակալություններին: Նրա խոսքով, որեւէ տագնապալի բան չկա, որեւէ վտանգ գոյություն չունի ոչ մեր ժողովրդի, ոչ մեր ցույցերի, ոչ էլ այն մարդկանց համար, ովքեր ձերբակալվել են: Խնդիրն այն է, որ դրանով իշխանությունը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել ժողովրդի վրա: Հենց դրանով է պայմանավորված Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալման ձեւը, օդ կրակելով, եղբորը վիրավորելով. դրա նպատակը հոգեբանական ճնշումն է, հայտարարել է Տեր-Պետրոսյանը: Նույն կերպ, նույն նպատակով ձերբակալվել են Սմբատ Այվազյանն ու Արամ Կարապետյանը, բայց դրանք ընդամենը խղճուկ մարդու վերջին ջղաձգումներն են: Ջհանգիրյանի ձերբակալումից հետո, Տեր-պետրոսյանի խոսքով, իրենք կապվել են մարդու իրավունքի պաշտպանի հետ, ով արագ արձագանքել է: Իր հերթին, Ջհանգիրյանը իրավաբան է եւ խնդիրներ չի ունենա: Իսկ Ջհանգիրյանի եղբոր վերքը վտանգավոր չէ եւ գտնվում է հիվանդանոցում:
Ինչ վերաբերում է զանգվածային բռնություններին, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե պետք չէ հավատալ դրանց: Նրա խոսքով, այս իշխանության մասին վատ բաներ են ասվել եւ էլի կարելի է ասել, բայց նրանք խելագար չեն եւ կշռել են, թե ինչ հետեւանք կունենա բռնությունը: Քանի որ գիտեն, որ պարտվել են, չեն գնա խելագարության, ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եթե Սերժ Սարգսյանը բռնությամբ գա իշխանության, չի կարող կառավարել երկիրը: Հնարավոր է, որ Քոչարյանը եւ Սարգսյանը մեկը մեկի վրա գցեն պատասխանատվությունը, բայց Քոչարյանն էլ խելագար չէ, նա հեռացող նախագահ է եւ վստահ եմ, իր խոհեմությունը չի կորցրել, որ բռնության դիմելով ջնջվի հա ժողովրդի հիշողությունից կամ դասվի Վասակսյունիների եւ Մերուժանարծրունիների շարքը: Սա ընդամենը հոգեբանական գրոհ է, եւ դրա համար էլ ես գիշեր-ցերեկ այստեղ եմ, հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ավելացրել, որ թող Սերժն ու Քոչարյանը հույս չունենան, թե այստեղից ուրիշ տեղ կգնա, բացի նախագահի նստավայրից: