Փհենչհան-2018. Հայ մարզիկը մնացել է առանց մարզագույքի, նա հրաժարվում է ելույթ ունենալ
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ կարապետյանը Փհենչհանում տհաճ իրավիճակում է հայտնվել, հաղորդում է Yerkir.am-ը։
Կայքի տեղեկություններով՝ մինչ այս պահը լեռնադահուկորդը մարզմանը չի մասնակցել, վազքուղին չի փորձարկել, քանի որ մարզիկին դահուկային գույք չեն տրամադրել, իսկ նրա մարզահագուստի վրա առկա չէ «Հայաստան» նշումը:
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պատճառաբանել են, որ նախատեսված ժամկետից ուշ են ստացել մարզիկի անունը, այդ իսկ պատճառով մարզահագուստի վրա համապատասխան նշումներն արված չեն: Նախապես չի պատվիրվել նաև դահուկորդի մարզագույքը:
Աշոտ Կարապետյանն իր վարկանիշային միավորները հավաքել էր դեռևս հունվարի 21-ին, այսինքն` Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան լեռնադահուկորդի անունը կարող էր ուղարկել օլիմպիական խաղերի մեկնարկից դեռ 19 օր առաջ:
Ըստ աղբյուրի՝ իրավիճակը փորձել են հարթել օլիմպիական խաղերում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները՝ փորձելով սեփական միջոցներով դահուկորդի համար գույք ձեռք բերել: Սակայն Աշոտ Կարապետյանը հրաժարվել է այլևս ելույթ ունենալ:
Նշենք, որ դեռևս օլիմպիական խաղերից առաջ խոսակցություներ էին գնում, որ Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը նպատակադրվել է իր որդուն՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին ուղարկել Փհենչհան, սակայն վերջինս չի կարողացել ձեռք բերել համապատասխան վարկանիշ:
Նշենք նաև, որ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ՀԱՕԿ-ի աշխատակիցը նշել է, որ իրենք ոչնչից տեղյակ չեն. «Հավաստիացնում ենք, նման բան չկա, ո՞վ է խոսել հետը, ծնողնե՞րը, ծնողը տեղյա՞կ է դրանից, հարազատները կարող է կուրսի չեն: Էնտեղ մարդ ունենք, մեր պատվիրակության ղեկավարն է, դա կոպիտ եմ ասում, բայց պրովակացիա է: Դուք էլ բարեկամին հավատո՞ւմ եք»: