ՀՐԱՊԱՐԱԿԸ ՈՂՋՈՒՆԵՑ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Այսօր հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այս իշխանությունները կարողացան շատ դաժան սեպ խրել ղարաբաղցիների ու հայաստանցիների միջեւ: Ըստ նրա՝ բոլոր ղարաբաղցիներն այսօր ավելի շատ են տուժել Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից, քան հայաստանցիները:
Նա իր խոսքն, այնուհետեւ, ցանկացավ ավարտել դրական մոտիվով՝ ըստ արժանվույն գնահատելով Լեռնային Ղարաբաղի հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի կեցվածքը: Նա, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ այս հարցում չափազանց արժանապատիվ կեցվածք է ընդունել, թույլ չի տվել ղարաբաղցիների որեւէ միջամտություն մեր ներքին գործերին՝ ի տարբերություն 2003թ. եւ 2004թ.-ի: ՚Այս ընթացքում, երբ Արկադի Ղուկասյանի նախագահության օրոք Ղարաբաղից այստեղ տեղափոխվել էին հատուկ զորքեր եւ քրեական տարրեր, որոնք հիմնականում իրականացրին 2004թ. ապրիլի 12-ի ջարդը: Ես ի պատիվ Բակո Սահակյանի պետք է ասեմ, որ նա ցուցաբերել է պետական այրին վայել դիրքորոշում: Ես ուզում եմ հիմա ծափերով ողջունեք նրանՙ,- հավաքվածներին կոչ արեց նա,որից հետո հրապարակը ծափերով ողջունեց Բակո Սահակյանին: