Ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում ադրբեջանցի դիվերսանտների ճակատագրով մտահոգված ԱՄՆ փոխպետքարտուղարին. պաշտոնական Երևանը դիրքորոշում չի փոխել
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը Հայաստանում կոչ է արել պատկան մարմիններին՝ որպես դրական ժեստ, Ադրբեջանին վերադարձնել ադրբեջանցի երկու դիվերսանտներին: Նա մինչև Հայաստան մեկնելը նախ Ադրբեջանում էր և այնտեղ էլ իր մտահոգությունն էր հայտնել ու վստահեցրել, որ Երևանում բանակցությունների թեմաներից մեկը դառնալու է Քելբաջարում ձերբակալված և հետագայում ղարաբաղյան դատարանի կողմից դատապարտված դիվերսանտների` Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի ճակատագիրը:
Ինչպիսի՞ն է պաշտոնական Երևանի արձագանքը կամ պատասխանը ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի այս մտահոգությանը: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ փետրվարի 17-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց հետ զրույցում նաև անդրադարձել է Արցախի դատարանի կողմից դատապարտված դիվերսանտների հարցին:
«Արտաքին գործերի նախարար Նալբանդյանն այդ հարցի վերաբերյալ արդեն իսկ իր մեկնաբանությունը տվել է, և ուզում եմ շեշտել, որ մեր դիրքորոշումը չի փոխվել»,- ասաց Տ. Բալայանը:
Նշենք, որ նախարար Նալբանդյանն, անդրադառնալով Արցախի դատարանի կողմից դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին որպես «մոլորված անմեղ գառնուկներ» ներկայացնելու Բաքվի փորձերին, նշել էր, որ դրանք սնանկ են։
«Վերջիններիս հանցագործությունները փաստագրված և ապացուցված են, ներառյալ՝ նրանց կողմից տասնյոթ տարեկան պատանու առևանգումը, խոշտանգումը և դաժան սպանությունը»,- ասել էր Է. Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ զրույցի ժամանակ:
http://galatv.am/hy/...shum-chi-poxel/