Օզբիլիսը մասնակցելու է Լիտվա-Հայաստան խաղին
European Sport Agency ընկերության ղեկավար Վալերի Հովհաննիսյանը «Ֆուտբոլ 365» շաբաթաթերթին տված հարցազրույցում պատմել է, որ Ամստերդամում հանդիպել է «Այաքսի» հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հետ և բանակցություններ վարել Հայաստանի հավաքականում հանդես գալու կապակցությամբ։
-ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ զրույցից հետո ես մեկնեցի Ամստերդամ' հանդիպելու Օզբիլիսին: Մենք նրա հետ հանդիպել ենք երկու անգամ, վերջինը' երկու շաբաթ առաջ: Արազը հաստատեց, որ ընդունում է Լիտվայի թիմի հետ ընկերական խաղին Հայաստանի հավաքականի հրավերը: Եթե նրա խաղը բավարարի մարզիչներին, իսկ նրան դուր գա իրավիճակը թիմում, նա կհամաձայնվի հանդես գալ մեր ազգային հավաքականում:
- Մինչև Ձեր հանդիպումը Օզբիլիսի հետ, նրա մոտ Ամստերդամ էին մեկնել Վարդան Մինասյանը և Ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները: Ձեզ ինչպե՞ս հաջողվեց համոզել Արազին:
-Նրան համոզելու հարկ չեղավ: Մենք պարզապես զրուցեցինք: Երբ Օզբիլիսի մոտ էր գնացել Մինասյանը, հենց այդ ժամանակ նա սկսել էր հաճախ խաղալ «Այաքսի» հիմնական կազմում: Տեղի մարզիչները, նույն Ֆրանկ դե Բուրը, համոզել էին Արազին, որ չընդունի Հայաստանի հրավերը, որպեսզի կարողանա դուրս գալ Հոլանդիայի հավաքական:
- Իսկ ի՞նչ է փոխվել այդ ժամանակից:
-Արազը լավ մտածել էր և հասկացել, որ Հոլանդիայի հավաքական ընկնելը նրա համար չափազանց բարդ կլինի: Եթե խաղա Հոլանդիայի երիտասարդական հավաքականում նրա շանսերը վատ չեն, բայց հիմնականում շատ ուժեղ մրցակցություն է: Հոլանդական տարբերակը նրան հրապուրիչ էր այնքանով, որ հավաքական հրավիրվելու դեպքում նա երաշխավորված կմասնակցեր Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Բայց ես նրան բացատրեցի, որ եթե նա և սփյուռքի մյուս ֆուտբոլիստները համաձայնվեն խաղալ Հայաստանի համար, ապա մեր ազգային թիմը դուրս կգա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություն:
- Արազը հետևո՞ւմ է Հայաստանի հավաքականի խաղերին:
-Այն բանից հետո, երբ մեր թիմի մարզչական շտաբը սկսեց հետաքրքրվել նրանով, Օզբիլիսը սկսել է ուշադիր հետևել Հայաստանի հավաքականին: Նա հրաշալի հասկանում է, որ մեր թիմը առաջադիմում է, և դադարել է հետնապահ լինել: Արազը նույնպես այն կարծիքին է, որ Հայաստանի հավաքականը լավ ապագա ունի:
- Իսկ ի՞նչ հարցեր են նրան ամենաշատը հետաքրքրում:
-Նա շատ է հարցնում Հայաստանի մասին, ֆուտբոլի զարգացման մասին, թիմում իրավիճակի մասին: Ես նրան ուղիղ հարցրի. «Գուցե դու հայերի հետ չե՞ս հարմարվի": Նա անմիջապես արձագանքեց. "Չէ, ինչ ես ասում: Ախր ես հայ եմ": Եվ ցույց տվեց ինչ-որ դաջվածք, որտեղ գրված էր. "Ես հայ եմ":
- Ռուբեն Հայրապետյանը ասել է, որ Խոակին Բոգոսյանը փող է ուզել Հայաստանի հավաքականի կազմում ելույթի համար: Օզբիլիսը այդպիսի պահանջ չի ՞ դրել:
-Չէ: Ստուգելու համար ես դա ակնարկեցի: Նա ասաց, որ փողի մասին ոչ մի խոսք չի կարող լինել: Նրան հետաքրքրում են միայն մարզական բաղադրիչները:
-Թուրքիայի հավաքականը նույնպե՞ս ցանկացել է նրան ձեռք բերել:
-Այո, ցանկացել է: Թուրքական ֆեդերացիայի ներկայացուցիչները մեկ կամ երկու անգամ չէ, որ դուրս են եկել նրա վրա: Բայց Արազը ինձ հետ զրույցում հաստատեց, որ Թուրքիայի հավաքականում ելույթ ունենալու մասին խոսք չի կարող լինել: Նա տառացիորեն ասաց հետևյալը. "Ես երբեք չեմ խաղա այդ դրոշի տակ: Թուրքիայում բոլորը գիտեն, որ ես հայ եմ: Եվ հասկանում են, որ չեմ համաձայնվի նրանց թիմում խաղալ":
- Բայց վերջերս նրան ցանկացել է ձեռք բերել թուրքական "Բուրսասպորը"...
-Այո, նրանք առաջարկով դիմել են "Այաքսին": Բայց Արազը չի ցանկացել տեղափոխվել թուրքական առաջնություն:
- Ստացվում է, որ Հայաստանի հավաքականում խաղալ-չխաղալու վերջնական որոշումը նա կընդունի Լիտվայի հետ խաղից հետո՞:
-Ամենայն հավանականությամբ' այո: Հայաստանի հավաքականից նա ծանոթ է միայն Էդգար Մանուչարյանի հետ, միասին հանդես են եկել "Այաքսում": Արազը ուզում է ծանոթանալ թիմի, մարզիչների հետ, ինչ իրավիճակ է հավաքականում: Իր հերթին Վարդան Մինասյանը նրան կստուգի գործի մեջ: Եթե ամեն ինչ նորմալ անցնի, ապա Օզբիլիսը կդառնա Հայաստանի հավաքականի լիարժեք ֆուտբոլիստ:
Озбилиз сыграет с Литвой и если тренерам понравится его игра и ему обстановка в команде ,то он сыграет в оффициальных матчах за нашу Сборную