ԱՐԴՅՈՔ ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ
Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հրաժարականի հանգամանքը կարող է սկսել ներքաղաքական բավական լուրջ նոր գործընթաց, կամ բավական առանցքային ճյուղավորման տանել արդեն առկա գործընթացը: Բանն այն է, որ Վահան Հովհաննիսյանի որոշումը Դաշնակցության վերնախավում առաջացրել է բուռն արձագանք: Սակայն կարելի է նաեւ ասել, որ այդ բուռն մթնոլորտը առկա է եղել մինչեւ այդ եւ հենց դա է դարձել Վահան Հովհաննիսյանի հրաժարականի դրդապատճառ: Խնդիրն այն է, որ Վահան Հովհաննիսյանին դեռեւս նախագահի ընտրությունից առաջ Դաշնակցության որոշ շրջանակներ կասկածում էին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին աշխատելու համար: Ավելին, ըստ շարքային դաշնակցականներից շատերից ստացված տեղեկությունների, որոշ բնակավայրերում դաշնակցության մի քանի ակտիվիստներ ակտիվ ներգրավված են եղել ընտրակաշառքի բաժանման գործի մեջ, բայց ոչ թե հօգուտ սեփական, այլ ՀՀԿ թեկնածուի: Կասկածներն ավելի են խորացել այն բանից հետո, երբ ըստ էության լիակատար ձախողումից հետո Վահան Հովհաննիսյանը որեւէ էական արտահայտություն չարեց նախագահի ընտրության ընթացքի հետ կապված: Դա էլ ավելի էր խորացրել ներկուսակցական կասկածը նրա գործունեության հանդեպ: Եվ թերեւս հենց դա է պատճառը, որ Վահան Հովհաննիսյանը փետրվարի 19-ից միայն երեք օր անց որոշեց գնահատել ընտրությունը եւ հրաժարական տալ Ազգային Ժողովի փոխնախագահի պաշտոնից, որպեսզի դրանով ցրի կուսակիցների կասկածը Սերժ Սարգսյանի հետ գործակցելու կապակցությամբ:
Հովհաննիսյանի հրաժարականը սակայն, որ պետք է ցրեր ներկուսակցական կասկածները եւ լիցքաթափեր մթնոլորտը, էլ ավելի է թեժացրել այն, քանի որ առաջացել է նաեւ այդ հրաժարականի տրամաբանական շարունակության խնդիր, այն է, որ հրաժարական տան նաեւ Դաշնակցության նախարարները, առավել եւս, որ դա բխում է շարքային դաշնակցականների պահանջից, որոնք նախագահի ընտրությունից առաջ լսելով մինչեւ վերջ գնալու կուսակցապետերի հայտարարությունները, ընտրությունից հետո գտնվում են ուղղակի շոկի մեջ, տեսնելով, թե ինչպես է փաստորեն լռություն պահպանում սեփական կուսակցության վերնախավը այդ ըստ էության խայտառակ ընտրությունից հետո: Սակայն շարքային այդ կուսակցականների պահանջը հակադրվում է այն կուսակցապետերի շահին, որոնք բավական հարմար տեղավորվել էին իշխանական համակարգում, ընդհուպ նախարարական պորտֆելներին: Այդ իրավիճակն էլ դարձել է ՀՅԴ վերնախավում բուռն քննարկումների պատճառ` հրաժարվել պորտֆելներից, թե ոչ: Իհարկե, գույները կարող են թվալ մի փոքր խտացված, բայց սեղանին դրված է ՀՅԴ քաղաքական ապագայի խնդիրը, եթե գերակայի ոչ թե կուսակցության շարքերի, այլ վերնախավի մի մասի շահը:
Ընդ որում, այդ հակասությունը Դաշնակցության մեջ հասունանում էր դեռ շատ վաղուց, կարելի է ասել 2003 թվականին կազմած կոալիցիայի գործունեության կեսից, երբ ակնհայտ հակասություններ առաջացան ՀՅԴ խոսքի ու գործի մեջ, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ղարաբաղի քաղաքական կյանքում այդ կուսակցության գործունեության առումով, երբ ըստ էության ընդդիմություն համարվող ՀՅԴ-ն Ղարաբաղում միացավ “միասնական թեկնածու” օպերացիային”, այն բանից հետո, երբ դրանից առաջ Ղարաբաղի խորհրդարանի ընտրությանը կուսակցությունը փաստացի կրեց խայտառակ պարտություն: Դաշնակցությունը ներքին այդ հակասություններն ու տարըմբռնումները հաղթահարելու համար թերեւս ունի բավական պատեհ հնարավորություն, եթե իհարկե առաջնորդվի ոչ թե քաղաքական կոմֆորմիզմի, այլ գաղափարական սկզբունքայնության դիրքից:
http://www.lragir.am/src/index.php#top
---------------------------------------------------
интересная статья