«Ինչ՝ ասեց գնա պառկի, գամ սպանե՞մ: Էդ վարկածն անհեթեթություն է… Սա ճիճուներին բնորոշ խորհրդավոր վախկոտություն է». ի՞նչ գիտի հայկական կողմը Պերմյակովի գործից
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը՝ ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպին հաջորդող զարգացումներին, նշեց, որ արդեն հիմա հայկական կողմը պետք է բազմաթիվ մանրամասներ հրապարակած լիներ գործի նյութերի վերաբերյալ: Մինչդեռ մի այնպիսի իրավիճակ է, որն ապացուցում է , որ հայաստանյան իրավապահ մարմիններն ընդհանրապես չեն տիրապետում ինֆորմացիային կամ հրահանգավորված են չբացահայտել մանրամասներ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որը պարզապես զավեշտալի բովանդակություն ունի: Դեպքից 5 օր անց ՀՀ քննչական կոմիտեն տեղեկություն է տարածում, որ պարզվել է, թե ինչպես է մեղադրվողը մտել Ավետիսյանների տուն: Հնգօրյա «ջանքերը» տվել է այսպիսի «շոշափելի» արդյունք՝ «Ըստ քննության տվյալների, նա տուն է մուտք գործել` մուտքի դռան ապակյա բացվածքի շրջանակները հանելու, ապակին կոտրելու միջոցով»:
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հանցավոր խունտային բնորոշ պահվածք է համարում Հայաստանի իշխանավորների գործողությունները: «Հայաստանը պետություն չէ, հանցավոր խունտա է ըստ էության, եւ իրավապահ մարմինները գործում են պետական բանդիտիզմի սահմաններում: Այդ կարգավիճակում են: Ես համարում եմ պետական բանդիտիզմ այն, ինչը կատարվում է իրավապահ համակարգում: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, դուք մոռանում եք, որ Հայաստանի իշխանությունները ստրկամտորեն ենթարկվում են Ռուսաստանին՝ ավելի շատ, քան Սովետական Միության օրոք եւ ցանկացած հրաման իրենք կատարում են հլու-հնազանդ, առանց քննարկելու»,- նշեց իրավապաշտպանը:
Մի այնպիսի իրավիճակ է, երբ բազմաթիվ հարցեր կան անհասկանալի, որոնք պետք է վաղուց պարզաբանված լինեին, իսկ քննչական կոմիտեն դեռ դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտների թիվն է հրապարակում:
Պերմյակովը Ռուսաստանի իրավազորության տակ է, մինչդեռ բնակարանը Հայաստանում եւ հայ քննիչների տրամադրության տակ է: Արդեն վաղուց պետք է ուսումնասիրված եւ հրապարակված լինեին, թե օրինակ՝ դեպքի վայրից վերցված մատնահետքերն արդյո՞ք Պերմյակովինն են:
Իրավապաշտպանը հայտարարում է, որ դատելով հնչեղությունից եւ հասարակական հետաքրքրությունից, ըստ էության, նախաքննական գաղտնիքներ գրեթե չպետք է լինեն այս աղմկոտ սպանության գործում. «Քննչական մարմինը ըստ էության չի ուզում տեղեկություններ տալ: Այդ բոլորը պետք է հրապարակվեին: Դրանք նախաքննական գաղտնիք չեն եւ եթե տրամաբանենք, չի խանգարի նախաքննությանը: Բայց իրենք դա օգտագործում են որպես զրահ: Սպեկուլյացիա է: Իհարկե պետք է բոլոր փաստերը մինչեւ հիմա հրապարակված լինեին: Զենքով է դուրս եկել զինվորականը զորամասից, ինչպե՞ս է կարողացել, ի՞նչ գործ ուներ զինվորի մոտ զենքը, սպանությունից հետո ինչպես հասավ ռուս սահմանապահների ձեռքը, ինչո՞վ հասավ այնտեղ, մենք գիտե՞նք: Չգիտենք… իսկ ի՞նչ գիտենք մենք ընդհանրապես, կարելի է ասել՝ մենք ոչինչ էլ չգիտենք: Կամ մատնահետքերը… դրանք ընդհանրապես նախաքննական գաղտնիք չեն: Ընդհանուր առմամբ, այս գործում նախաքննական գաղտնիքներ չկան: Կարելի է ամեն ինչ հրապարակել: Բայց ո՞վ է թույլ տալիս քննիչին , որ նման բաներ հրապարակի»:
Մինչեւ այժմ հայտնի չէ նաեւ, թե հայկական կողմից որեւէ մեկը հարցաքննե՞լ է արդյոք մեղադրյալին: Չի հրապարակվում որեւէ քննիչի անուն, ինչն արդեն կասկած է հարուցում, որ հայերին ընդհանրապես չի թույլատրվել հարցաքննել բազայի զինծառայողին:
Այս հարցի վերաբերյալ իրավապաշտպանն ընդգծեց. «Դա ընդամենը պարզագույն ապացույցն է, որ մենք պետություն չունենք: Ընդամենը բանդիտների մի խումբ է, խունտա, որին հովանավորում է հենց Ռուսաստանը եւ որը չի կարող որեւէ քայլ անել ինքնուրույն Ռուսաստանի դեմ: Մենք դրանում համոզվում ենք ամեն քայլափոխի: Հայտարարում են այն, ինչը թույլ են տալիս հայտարարել: Եւ այս ֆոնի վրա, երբ որ ասում են, ոմանք ուզում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ, դա ուղղակի անբարոյականություն է: Այսինքն, եթե ամբողջ Հայաստանը կոտորեն մեկ առ մեկ, կասեն լռե՛ք, սուսիկ-փուսիկ մահացեք, որպեսզի սեպ չխրեք հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Չլինեին էդ հարաբերությունները, չունենայինք էդ հարաբերությունները…»:
Վարկաբեկված իրավական համակարգն այնքան վստահելի չէ, որ նույնիսկ եթե գործի քննությունը վարեր հայ քննիչը, նա պետք է կատարեր այն հրամանները, որոնք տրվում են: «Ավելի խելացի կլիներ Ռուսաստանի կողմից, որպեսզի հայ քննիչի ձեռքով կոծկեին այդ գործը , եթե մտադիր են կոծկել: Հարցադրումներ շատ կան, բայց մինչեւ գործի բոլոր հանգամանքները, դիակների դատաբժշկական փորձաքննությունը, եւ այդ երեխայի դատաբժշկական եզրակացությունները չլինեն, զենքի փորձագիտական եզրակացություն եւ այլն դրանք կարող են այլ լույսեր սփռել այս գործում»:
Իրավապաշտպանը 3 վարկածի շուրջ է մտորում:
Առաջինն այն է, որ զինվորը գուցե ծանոթ է եղել այդ ընտանիքին եւ անձնական վրեժի հողի վրա է կատարել սպանություն:
Երկրորդ վարկածը , որ զինծառայողը գուցե ուներ զորամասի հետ խնդիր: Այնտեղից փախել է, որովհետեւ այնտեղ իրեն ծեծել եւ ճնշել են, նա դուրս է եկել զորամասից եւ ամբողջ ատելությունը թափել է հայ ընտանիքի վրա: Եվ երրորդ տարբերակը, որ նա հոգեկան հիվանդ է: Ընդ որում, մինչեւ այժմ հայտնի չէ նաեւ, թե մեղադրյալը եղե՞լ է արդյոք թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ:
«Ըստ նախնական վարկածի զինվորը ջուր է ուզել: Եթե զինվորը ջուր ուզեր, պետք է դուռը ծեծեր: Նա չէր կարող ներխուժել տուն: Դուռը նրա համար է, որ փակեն եւ գիշերը քնելուց փակ է լինում: Դուռը եթե ծեծեր, ինչ որ մեկը կգար, կմոտենար զինվորին: Ոնց եղավ, որ ինչ որ մեկը չհայտնվեց դռան շեմին, չսպանվեց դռան շեմին: Ինչ՝ ասեց գնա պառկի, գամ սպանե՞մ: Էդ վարկածն ընդհանրապես անհեթեթություն է: Ազգային նկարագրին դեմ է, գյումրեցուց ջուր ուզեցին, գյումրեցին ասեց՝ չէ չե՞մ տա: Անհնար է, անբարոյական է էդ վարկածն առաջ քաշել: Այս լուրերը, որ պտտվում են, դա էլ է ցույց տալիս, որ հրամանները գալիս են ոչ թե հայկական կողմից, այլ ռուսական կողմից»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի խորհրդավոր լռությանը, ով հունվարի 12-ից հետո անգամ ցավակցական խոսքեր չի արտաբերել, Ռուբեն Մարտիրոսյանը շեշտեց.
«Կամ ինչո՞ւ չպետք է սուգ հայտարարվեր Հայաստանում: Այդ խորհրդավոր լռությունը ես կանվանեի խորհրդավոր վախկոտություն: Ընդամենը այդքան բան: Այդպիսի լռությունը սովարաբար բնորոշ է ճիճուներին»:
http://galatv.am/hy/...myakovi-gorcic/