«Երկրամաս» թերթը հրապարակել է հանգուցյալ դիվանագետ Լևոն Էյրամջյանցի սենսացիոն հոդվածը, որում անհերքելի ապացույցներ են բերվում, որ Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է ընդամենը 25 տարով՝ մինչև 1946 թվականը: Պայմանագրով հայկական հողերը բաժանվել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև, այն գործում է մինչ օրս, չնայած պատմաբանները վաղուց են խոսում, որ նույնիսկ Թուրքիան էր 1946 թվականին պատրաստ վերադարձնել Արևմտյան Հայաստանը, սակայն հայերին, այլ ոչ թե ռուսներին: Սա Հայաստանը բաժանող գլխավոր պայմանագիրն է, և Հայոց ցեղասպանության 100-ամյակին աստիճանաբար հասունանում է այն վերանայելու անհրաժեշտությունը: Լևոն Էյրամջյանցը պնդում է, որ այդ պայմանագիրը և որոշ գաղտնի արձանագրություններ քիչ են ուսումնասիրված և հրապարակային քննարկման չեն դրվել: Մինչդեռ այդ պայմանագրերում բոլոր հիմքերը կան Արևմտյան ու Արևելյան Հայաստանների միավորման համար: 2011 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծված Պետական հանձնաժողովին կից ստեղծվել է հայ-թուրքական հարաբերությունների վերանայման համար իրավական փաթեթ նախապատրաստող հանձնախումբ: Այն գլխավորել է Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով առաջին խորհրդակցություններից մեկի ժամանակ սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել՝ չբացառելով Թուրքիայի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները: Հետո Եվրասիական միություն Հայաստանի մտնելու որոշումից հետո հանձնաժողովի մասին մոռացել են, քանի որ այն հակասում էր Ռուսաստանի և նրա գործընկեր Թուրքիայի շահերին: Խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը, սակայն, հետաքրքիր առաջարկ է արել Ռուսաստանին: Նա իր ռուս գործընկերոջն առաջարկել է մասնակցել միջազգային խորհրդարանական համաժողովին, որը կայանալու է 2015 թվականի ապրիլին Երևանում: Համաժողովը նվիրված է լինելու ցեղասպանության և տարածաշրջանային իրավիճակի հարցերին, որովհետև ցեղասպանության և հայերի արտաքսման նկատմամբ մոտեցումների վերանայումը կարող է ամբողջությամբ փոխել տարածաշրջանային դասավորությունը: Դեռ հայտնի չէ, թե հանձնաժողովն ինչ թղթապանակ կպատրաստի, ակնհայտ է սակայն, որ Հայաստանը կարող է միջազգային պայմանագրերի վերանայում կամ էլ չեղարկում պահանջել: Մոսկվայի պայմանագրի դեպքում, որը «ամրապնդվել է» Կարսի պայմանագրով, վերանայումը կարող է հեշտ լինել, քանի որ պայմանագիրը ստորագրվել է մինչև 1946 թվականը, և Թուրքիան, փաստորեն, մինչ օրս անօրինական է պահում հայկական հողերը: Հայաստանը պետք է նման նախաձեռնությամբ հանդես գա անկախ այն բանից՝ կաջակցեն արդյոք Արևմուտքը կամ Ռուսաստանը: Հայաստանը 100 տարի առաջ բաժանվել է միայն այն բանի համար, որ հետապնդել է ոչ թե սեփական շահերը, այլ թաքցրել է Ռուսաստանի մեղքերը և Արևմուտքի կողմից ռուս-թուրքական դավադրությանը լուռ աջակցությունը: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/comments/view/101476#sthash.UggHDeYP.dpuf