Իրավարար վճռի ներկա կարգավիճակը
Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր կատարման համար [1]: Այն չի ունենում ժամանակային սահմանափակում [2], և դրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի միջազգայնագրի /կոնվենցիայի/ (1907թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում [3]: Ըստ միջազգային իրավունքի՝ կողմերը, համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ [4]: Իրավարարությունն ի կատար ածելու կողմերից մեկի մերժումը չի ազդում վճռի վավերականության վրա: Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը (հայցադիմումը, compromis) ներկայացվել է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև 16 այլ երկրների կողմից, ուստի Վիլսոնի իրավարար վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար, որոնք ներկայումս հետևյալ երկրներն են՝ Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխիա, Սլովակիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Բոսնիա, Հերցեգովինա, Մակեդոնիա և Մոնտենեգրո: Այն պարտադիր է նաև իրավարարի՝ Միացյալ Նահանգների համար, քանի որ ԱՄՆ նախագահի ցանկացած պաշտոնական դիրքորոշում հանդիսանում է երկրի դիրքորոշումը [5] և իրավարարությունից բխող քայլերը պարտադիր են կատարման համար [6]:
Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի (ա) և (բ) ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել իր տիտղոսը իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի վրա: